ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայոց մեծ եղեռնը` մշակույթում

Հայոց մեծ եղեռնը` մշակույթում
17.04.2015 | 11:27

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում ապրիլի 9-ին տեղի ունեցավ գիտական հերթական կոնֆերանսը, որի թեման էր «Ցեղասպանության հետևանքները և նրա արտացոլումը մշակույթում»: Գիտական զեկուցումներով հանդես եկան քոլեջի ուսանողները:
«Ցեղասպանությունը արվեստում» թեմայով զեկուցում կարդաց «Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սյուզաննա Կարապետյանը: Նա, խորապես դատապարտելով Մեծ եղեռնը որպես մարդկության դեմ երբևէ կատարված ամենամեծ ոճիր, նշեց, որ «հակամարդկային նմանատիպ ոճիրները խոր արձագանք են թողնում բարու ու գեղեցիկի դավանանքով ապրող ստեղծագործողների հոգում, որն էլ դառնում է բարձրարվեստ երկերի ստեղծման պատճառ՝ իբրև մշտապես հնչող ահազանգ մարդկության կյանքում»: Համաշխարհային արվեստում այդպիսի երկերից հայտնի են Էժեն Դելակրուայի «Կոտորածը Քիոս կղզում», Ֆրանցիսկո Գոյայի «Գնդակահարությունը», Պաբլո Պիկասոյի «Գեռնիկան»: Ս. Կարապետյանն անդրադարձավ այն հայ նկարիչներին, որոնց կտավներում առաջինն է պատկերվել ցավի ու ցասման ահազանգը: Նրանցից են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին և պատմական նկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը: Իսկ եղեռնի ականատեսն ու չարչարանքն իր հոգում ապրած նկարիչը՝ Ոստանիկ Ադոյանը, ով հայտնի է Արշիլ Գորկի անունով, զեկուցման մեջ հիշատակվեց իր «Մորս հետ» կտավով, որի ստեղծման համար հիմք է ծառայել պատանեկան տարիների մի լուսանկար: Գորկի-որդին այս յուրօրինակ գունալուծումներով նկարում ներկայացնում է «կորուսյալ մորը՝ որպես կորսված հայրենիքի ու նրա գեղեցկության խորհրդանիշ»: Զեկուցողն անդրադարձավ նաև համահայկական հուշակոթողի՝ Ծիծեռնակաբերդի հիմնադրման իրադարձությանը, որով 1965 թ. «Հայաստանը հոգեպես միացավ Սփյուռքին»:
«Ցեղասպանության արձագանքը հայ գրականության մեջ» թեմայով զեկուցում կարդաց «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ռիտա Բազիկյանը: Նա մասնավորապես անդրադարձավ եղեռնը վերապրած սփյուռքահայ բանաստեղծներ Վահան Թեքեյանի, Վեհանուշ Թեքեյանի, Մարտիկ Դավթյանի երկերին, որոնց մեջ հնչում է հառաչանքի, բողոքի ու վրեժի ճիչը: Զեկուցման մեջ շոշափվեց շատերիս համար ցավոտ մի թեմա, որը դարձյալ մեծ արձագանք է գտել գրականության մեջ: Դա ձուլման՝ «սպիտակ ջարդի» թեման է, որը առաջ է եկել նախորդ դարի արյունալի եղեռնի հետևանքով, երբ հայը օտար երկրներում, փորձելով հարմարվել նոր շրջապատին, հաճախ կորցնում է ազգային դիմագիծը, և երբեմն նրա հայ լինելուց «մնում են միայն անունը կամ ազգանունը, այն էլ՝ խեղաթյուրված արտասանությամբ»:
Մեծ եղեռնի թերևս ամենամեծ «նահատակի»՝ Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին զեկուցում կարդաց «Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Սարգիս Գևորգյանը, ինչին հաջորդեց միջոցառման գեղարվեստական մասը, որը պատրաստել էր դերասանուհի Գոհար Մնացականյանը: ՈՒսանողները հատվածներ ընթերցեցին Կոմիտասի կերպարը խորությամբ բացահայտող գրական հանճարեղ երկից՝ «Անլռելի զանգակատուն» պոեմից: Նրանց հուզիչ ասմունքը երբեմն-երբեմն ընդմիջվում էր հոգեհմա երգով: Մեղեդային կատարումներով դահլիճին առավել մեծ հուզմունք պատճառեցին Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի սաները՝ Մերի Ավետիսյանը և Ալբերտ Մովսիսյանը: Նրանք կատարեցին Կոմիտասի «Հով արեք», «Վա՜յ, լե՜, լե՜, լե՜», «Կռունկ» երգերը: Հնչեց նաև մեծ երգահանի ձայնը: Միջոցառման պատճառած հուզմունքն այնքան մեծ էր, որ շատերի աչքերում արցունքներ երևացին, և ազգային ոգու դաստիարակությամբ աչքի ընկնող այս կրթօջախում մատաղ սերնդի հոգում հերթական անգամ բոցավառվեց հայրենասիրության կրակը, որն էլ ավելի թեժացավ քոլեջի տնօրեն Ռ. Թովմասյանի փոքրիկ զեկուցումով: Վերջաբանի իր խոսքում նա անդրադարձավ հայ վրիժառուների գործունեությանը, մասնավորապես Գուրգեն Յանիկյանի կողմից ԱՍԱԼԱ-ի ստեղծմանն ու թուրք դիվանագետների հանդեպ վրիժառության պատմական իրողությանը, որով էլ սկիզբ դրվեց աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին: Ռ. Թովմասյանն ասաց. «Վրեժը անժամանցելի պարտավորություն է, առավել ևս` կենսաբանական թշնամու հանդեպ: Ամեն ժամանակաշրջան ունի իր անելիքը, մեր պատմական առաքելությունն է պահել և սերունդներին փոխանցել պատմական հիշողությունը, կորստի վիշտը և մշտապես աշխարհի առջև ներկայանալ հատուցման արդար պահանջով»:
Միջոցառման ավարտին Ռ. Թովմասյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներ Լիդա Մնացականյանին, դերասանուհի Գոհար Մնացականյանին ու ակտիվ մասնակից ուսանողներին, ովքեր պարգևատրվեցին պատվոգրերով և գովասանագրերով:


Էմմա ՄԽԵՅԱՆ
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ